«Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը». Արաքսիա Սվաջյան

«Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը». Արաքսիա Սվաջյան

  • 16/04/2023
  • 368

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած աշխատաշուկայի մասնագիտական կազմի պիլոտային ուսումնասիրություն-վերլուծության ներկայացմանը: Այն նպատակ ունի աջակցելու մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին (ՄԿՈՒ):

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, աշխատաշուկայի վիճակագրության միջազգային փորձագետ Իգոր Չերնիշևը, տնտեսվարողների և ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի շրջանակում: 2022 թվականի ապրիլին մեկնարկած ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի մարզերում երիտասարդների կրթական հնարավորությունների բարելավմանը, նրանց ներուժի իրացմանը, կրթությունից աշխատաշուկա անցման դյուրինացմանը և հետագա բարեկեցության ապահովմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների պլանով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է հստակեցնել պետության համար առաջնային համարվող բոլոր մասնագիտությունների, ինչպես նաև տվյալ մասնագետներին պատրաստող ուսումնական հաստատությունների գործունեության շրջանակը:

«Թե՛ մասնագիտությունների հստակեցման, և թե՛ այդ մասնագիտությունների պատրաստման գործընթացն առավել նպատակաուղղված և այդ մասնագետների քանակը պլանավորելու համար կարևոր է աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվության առկայությունը: Մեթոդաբանությունը, որի միջոցով արդեն իսկ ստացվել են որոշակի տվյալներ, մեզ համար ուղենշային է դառնալու մոտ ապագայում: Աշխատաշուկայի պահանջարկի մասին հստակ տեղեկատվությունը կնպաստի մասնագիտությունների և տեղերի նպատակային պլանավորմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է այն հանգամանքը, որ մեթոդաբանությունն առավելագույնս հարմարեցված լինի երկրի տնտեսության կարիքներին, որպեսզի այն հնարավոր լինի տեղայնացնել:

Նա նաև անդրադարձել է ոլորտում նախատեսվող բարեփոխումներին` նշելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսված բարեփոխումներն արդեն մեկնարկել են:

«Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում են վերապատրաստումների, ատեստավորման և տարակարգի տրամադրման մեխանիզմներ ներդնել՝ նպաստելու այս ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը: Ի վերջո, լավ մասնագետներ պատրաստելու համար մեզ պետք են նաև պատրաստված մանկավարժներ»,- ասել է փոխնախարարը` հավելելով որ այս տարվանից քոլեջների և ուսումնարանների հանրակրթական ուսումնական առարկաներ դասավանդող մասնագետները կարող են մասնակցել ուսուցչի կամավոր ատեստավորմանը, որը նրանց հնարավորություն կտա ըստ հավաքած միավորների ստանալու հավելավճար և բարձրացված դրույքաչափ:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է քանակական մեթոդաբանություն, որը հիմնված է աշխատուժի վերլուծության և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքում մշակված վիճակագրական գործիքակազմի վրա: Այն հնարավորություն է ընձեռում ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության տեղերի պլանավորման վերաբերյալ առաջարկություններ ձևավորել` հիմնվելով ըստ տարբեր մասնագիտությունների աշխատաշուկայի պահանջարկի վրա:

escs.am