Կարեն Սամվելի Լազարյանի կենսագրությունը
Ծնվել է 1979 թ. նոյեմբերի 7-ին Գորիս քաղաքում:
Գորիսի N 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1996 թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որն ավարտել է 2000 թվականին՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի դասատուի եւ աթլետիկայի մարզչի որակավորում:
Այնուհետեւ զորակոչվել է բանակ եւ 2000-2002 թթ. ծառայել Արմավիրում, Վայքում ու Խաչիկում (պահեստազորի լեյտենանտ է):
Զորացրվելուց մեկ տարի անց, որպես ֆիզիկական կուլտուրայի դասախոս, աշխատանքի է անցել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:
2009 թ. ապրիլի 14-ին մրցույթով ընտրվել է նույն քոլեջի տնօրեն, վերընտրվել 2015 թ. հոկտեմբերի 8-ին եւ 2021 թ. մարտի 30-ին:
Աշխատանքին զուգահեռ 2010-15 թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի իրավագիտություն բաժնում՝ ստանալով ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
2015-18 թվականներին, աշխատանքին զուգահեռ, սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ 2018 թ. փետրվարի 2-ին ստանալով մագիստրոսի աստիճան՝ «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ:
2008 թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Գորիս քաղաքի ավագանու անդամ:
2016 թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է նորակազմ Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամ:
2014 թ. ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2015 թ. դեկտեմբերի 30-ին՝ պատվոգրով՝ «Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մասնագիտական առաջընթացի եւ ներդրած կազմակերպչական աշխատանքների համար», 2017 թ. հունվարի 25-ին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2015 թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության օրը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի առաջարկով, մեկ տարի ժամանակով, ստանձնել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Խաչի քավոր»-ի պարտականությունը:
Մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմի մարտական գործողություններին:
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման կողմից 2021 թ. մարտի 9-ին արժանացել է պատվոգրի՝ «2020 թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված զորահավաքային զորակոչին զորակոչվելու եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար»:
Ամուսնացած է 2006 թվականից, ունի չորս զավակ: