Ասմունքի ցերեկույթ՝ նվիրված հայոց Արցախին

Ասմունքի ցերեկույթ՝ նվիրված հայոց Արցախին

  • 03/11/2023
  • 310

Արցախը, որտեղից թեև բռնությամբ տեղահանվել են մեր հայրենակիցները, եղել եւ մնում է հայոց աշխարհի սրբազան տարածքը:

Այդ գաղափարն իշխող էր ասմունքի ցերեկույթի ամբողջ ընթացքում, որը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 3-ին, Գորիսի պետական քոլեջում:

Միջոցառման կազմակերպիչը՝ կրթօջախի ուսումնադաստիարակչական աշխատանքների պատասխանատու Օվսաննա Մաշուրյանն արել էր հնարավորը՝ ցերեկույթը պատշաճ մակարդակով եւ ուսանողների ակտիվ մասնակցությամբ անցկացնելու համար, ինչը հաջողվել էր:

Հայոց Արցախին նվիրված բանաստեղծությունները հնչում էին արցախյան հրաշագեղ բարբառով ողողված մթնոլորտում, ինչից կարոտ էր ծորում եւ հայկականություն...

Ցերեկույթի մասնակիցները լցված էին հավատով, որ արցախցին անպայման տուն է վերադառնալու եւ տեր է կանգնելու հազարամյա իր բնօրրանին: Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, այլապես խախտած կլինենք Գարեգին Նժդեհի սրբազան պատվիրանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ «Ոչ մի տեղ առանց Սյունիքի և Արցախի: Առանց Հայաստանի աշխարհագրական այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»: