Այսօր հայ նշանավոր արձակագիր Սուրեն Այվազյանի ծննդյան 110-ամյակն է։
Այսօր հայ նշանավոր արձակագիր, Գորիսի պետական քոլեջի երբեմնի մեծանուն շրջանավարտ Սուրեն Այվազյանի ծննդյան 110-ամյակն է։
«․․․ Իսկ ես ծնվել եմ, կամ, ու մի բան, որ իմ կյանքից հպարտությամբ կարող եմ նշել, դա գծիկով բաժանվող երկու տարեթիվ է: Ինչ-որ տեղերում գծիկը դատարկությունն է նշում: Ինչ-որ տեղերում մեծ պատմությունների անսահմանությունն է անսահմանորեն փոքրացնելով պահում իր մեջ: Այսպես, օրինակ, 1941-1945: Այս թվերը բաժանող գծիկի մեջ համաշխարհային ողբերգություն կա և ցնծություն: Եվ ես ապրել եմ այդ ողբերգությունը: Եվ ցնծությունն եմ ապրել: Դա հաղթանակի հետ ինքնաճանաչողության զարգացումն էր, այն, որ ես կարողացա իմ հավատը զոդել սեփական արյունով: Իմ հավատը, որ առաջինն իմ մայրն է դրել իմ մեջ: Իսկ իմ մայրը... Արժեր նրա մայրությամբ ապրել՝ թեկուզ մեծ տառապանքներով: Սոված եմ եղել՝ հեքիաթ, մրսել եմ՝ հեքիաթ, մեկն ինձ վիրավորել է՝ հեքիաթ: Եվ ինչպե՜ս էր պատմում... և ի՜նչ ձայնով...»։
«․․․ Ուր էլ լինեի, ուր էլ գնայի, գյուղը միշտ մտքիս մեջ էր: Անտեսանելի, անշոշափելի մի զգացում ինձ ստիպում էր, որ ես լինեի իմ մանկության եզերքներում: Աշխարհում բոլոր երկինքները երկինքներ էին, բայց մեր երկինքն ուրիշ էր: Եվ գույնն էր ուրիշ, և տեսքը: Ուրիշ երկինքները կիլոմետրերով հեռու էին ինձնից, իսկ իմ ծննդավայրի երկինքը ոնց որ գլխարկ լիներ գլխիս դրված: Մեր լեռներն ու սարերը ոնց որ ընկերներս լինեինª թիկունքիս կանգնած, ժպիտը դեմքներին, ինձ իրենց գիրկը հրավիրելիս: Մեր բոլոր աղբյուրներն ու առվակները կարկաչյունով գալիս խառնվում էին հոգուս երգի հետ, սրտիս հով ու զով էին բերում, ներսս ողողում երանավետ խնդության ցոլքերով: Իմ ծննդավայր գյուղում աշխարհի բոլոր հոգսերը մոռանում էի, դառնում ողջ երկրագնդի տերն ու տիրակալը: Ես դրախտի գոյությանը հավատում էի իմ ծննդավայրում: Աշխարհի բոլոր տեսարժան վայրերը տանող ուղիները սկսվում էին իմ հարազատ գյուղի նեղ արահետներից»…
«․․․ Իմ մեջ աստվածներ են ապրում, և ես հարատև ու հաճելի վիճաբանությունների մեջ եմ այդ աստվածների հետ: Այն աստվածը, որ բացահայտվում է՝ մեռնում է իմ մեջ: Այսպես աստվածներ թաղելով, ես մոտենում եմ իմ վախճանին, որ անիմաստ պիտի լիներ, եթե չունենայի իմ աստվածների աստվածը, որ բացահայտվելով ավելի է աստվածանում: Զգալով նրա հավիտենականությունը, ես իմ մահն ընդունում եմ որպես անմահություն»:
«․․․ Հիմա ես քայլում եմ շուտ հեռացողի դանդաղ քայլերով: Լինում են մարդիկ, որ դեմքներին բարի-բարություն դնելով ողջունում-անցնում են: Անծանոթ մարդկանց այդ ողջույններից տաքանում է սիրտս, և օրս լցվում է բարությամբ:
-Միշտ բարով մնաք, բարի մարդիկ»:
ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ