Բաց դաս՝ «Սյունյաց ավանդական խոհանոցը»
Հայկական ազգային խոհանոցը հայ ժողովրդի մշակույթի կարեւոր եւ անբաժան մասն Է։ Հայկական խոհանոցում իր ուրույն տեղն է զբաղեցնում Սյունյաց ավանդական խոհանոցը, որը տարբերվում է ինքնատիպությամբ ու հայկականությամբ։
Բաց դասին ապագա խոհարարները պատրաստեցին երկու տեսակի ավանդական աղցան՝ գորիսյան լոբիով, ինչպես և ներկայացրին լավաշի, մասուրի, գաթայի, ավելուկի, խաշի, խաշիլի, փախլավայի եւ այլ հայկական կերակրատեսակների մասին տեղեկություններ։
Ամբողջ դասն ընթանում էր քանոնի մեղմ հնչյունների ներքո։
Բաց դասն առիթ էր՝ վերստին հիշելու, որ հայկական ավանդական խոհանոցի շատ կերակրատեսակների բաղադրատոմսեր անփոփոխ են եւ մնայուն, իսկ հայ կանայք պարտավոր են տիրապետել ազգային կերակուրներ պատրաստելու հմտություններին, քանզի ազգի շունչը պետք է վառ պահել նաեւ այդ ձեւով;
Միջոցառման ավարտին քոլեջի դասախոսներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին ուսանողներին ու վարպետ Գայանե Վարդանյանին՝ Սյունյաց խոհանոցին անդրադառնալու համար։
Բաց դասին հյուրընկալվել էր նաեւ տարազագետ, մոդելավորող-նախագծող Արտյոմ Սյունեցին, ով հիացմունքի խոսք հղեց վարպետին եւ ուսանողներին՝ նմանօրինակ միջոցառման համար։
Արտյոմ Սյունեցին նույնպես կարեւոր եւ ուսուցողական տեղեկություններ հայտնեց ազգային խոհանոցի առաձնահատկությունների մասին՝ մեջբերումներ անելով Ստեփան Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» հրաշալի աշխատությունից։