ԳՊՔ-ի արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանը մասնակցեց «Էրազմուս+» ծրագրի ՄԿՈՒ ոլորտի կարողությունների զարգացման երեք նոր նախագծի ներկայացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շարունակվում են «Էրազմուս+» ծրագրի ազգային նախագծերի մեկնարկային օրերը, որին մասնակցեց նաեւ Գորիսի պետական քոլեջի արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՄԿՈւ ոլորտի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկաներին առցանց ողջունել է Եվրահանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Կինգա Բերեզա-Հուսակը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրին վերաբերող կարևոր միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ:
«Ծրագիրը գալիս է օժանդակելու այն բոլոր թիրախներին և նպատակներին, որոնք սահմանված են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար: Բոլոր այն ծրագրերը և հնարավորությունները, որ այսօր կներկայացվեն, նոր դռներ են բացելու դեպի կրթության այս մակարդակի որակի փոփոխություն և միջազգայնացում՝ որպես Կրթության զարգացման ռազմավարության առանցքային թիրախներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ «Էրազմուս+» ծրագրի ներդրումը նախնական և միջին մասնագիտական ուսումնական համակարգում ենթադրում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային կապերի հաստատում, համատեղ ծրագրերի մշակում, կրթական բովանդակության բարելավում:
««Էրազմուս+» ծրագրի ներդրումը քոլեջների և ուսումնարանների համար նոր հնարավորություն է՝ ինչպես մանկավարժների և վարպետների կարողությունների զարգացման, այնպես էլ ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթությունը եվրոպական ուսումնական հարստություններում շարունակելու, մեր երկրում նոր նշաձողեր սահմանելու տեսանկյունից»,- ասել է նախարարի տեղակալը:
ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը «Էրազմուս+» ծրագրի կարևոր հատկանիշներից մատնանշել է կարողությունների զարգացումը ՄԿՈւ ոլորտում և ձեռներեցության հմտությունների ձեռքբերումը: Ըստ նրա՝ ծրագիրն աջակցում է մասնագիտական հմտությունների զարգացմանը՝ դրանով իսկ նպաստելով որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և նորարարության խթանմանը:
Այսօրվա հանդիպումը նվիրված է եղել ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման 3 նոր նախագծերի ներկայացմանը, որից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում ՄԿՈւ ոլորտի պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Շահագրգիռ կողմերը «European Year of Skills 2023» խորագրի ներքո նաև քննարկել են մասնագիտական կրթության և հմտությունների միջև կապը։
Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից, որի նպատակն էր ներկայացնել «Էրազմուս+» դրամաշնորհ ստացած բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական անելիքներն ու ակնկալվող արդյունքները։
escs.am