Գորիսի պետական քոլեջի եւ «Ողջ մնալու արվեստ. Գորիս» կազմակերպության միջեւ՝ համագործակցության հուշագիր
Այսօր՝ մայիսի 25-ին, Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը եւ «Ողջ մնալու արվեստ. Գորիս» ռազմահայրենասիրական կազմակերպության տնօրեն Արմեն Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Քոլեջի տնօրենը բարձր գնահատեց «ՈՄԱ Գորիս» ՌՀԿ-ի՝ տարածաշրջանի քաղաքացիական բնակչության շրջանում ինքնապաշտպանության եւ մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում որդեգրած գործելակերպը, հավաստիացրեց՝ Գորիսի պետական քոլեջը պատրաստ է ակտիվ համագործակցության, ընդ որում՝ ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների մասնակցությամբ:
Հուշագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, խնդրո առարկա հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի մշակում ու կենսագործում:
Ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը եղել և մնում է սահմանապահ Գորիսի պետական քոլեջի առաջնահերթություններից մեկը: Ստորագրված հուշագիրը ոչ միայն վկայություն է այդ ամենի, այլև նոր հնարավորություն՝ ուսանող պատանիների ու աղջիկների ֆիզիկական պատրաստվածության բարձրացման, ռազմական արվեստի հանդեպ ակտիվ հետաքրքրության ձևավորման և, իհարկե, հայրենասիրական ոգին արթուն պահելու գործում: