Գորիսի պետական քոլեջի մտահոգությունները քննարկվեցին Ազգային ժողովի հանձնաժողովում

Գորիսի պետական քոլեջի մտահոգությունները քննարկվեցին Ազգային ժողովի հանձնաժողովում

  • 20/03/2023
  • 70

Մոտ մեկ դար առաջ՝ 1924/25 ուսումնական տարում հիմնադրված Գորիսի պետական քոլեջը (սկզբնական շրջանում՝ Գորիսի մանկավարժական տեխնիկում) փառավոր ուղի է անցել և տասնամյակներ շարունակ բացառիկ դերակատարություն ունեցել ոչ միայն Գորիսի շրջանի, այլև Սյունիքի ամբողջ տարածաշրջանի, ինչպես և հայոց Արցախի համար կադրերի պատրաստման գործում:

Այսօր էլ, չնայած առկա դժվարություններին, Գորիսի պետական քոլեջը շարունակում է ավանդույթները և հանրապետության կրթական տիրույթում մնում պահանջված, ինչի ապացույցը քոլեջի կադրերի դրվատելի դրսևորումներն են մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Այդ բոլորով հանդերձ՝ սահմանապահ Գորիսի վաստակաշատ կրթօջախն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը վաղուց անհրաժեշտություն է դարձել:

Գնահատելի է, որ այդ խնդիրները չեն վրիպել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, մասնավորապես պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ուշադրությունից: Վերջինիս նախաձեռնությամբ էլ մարտի 20-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորությամբ, հանդիպում տեղի ունեցավ քոլեջի ներկայացուցիչների հետ:

Քոլեջի պատվիրակության կազմում էին կրթօջախի տնօրեն Կարեն Լազարյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Դավիթ Ջուլհակյանը, որակի ապահովման պատասխանատու Աննա Ալեքսանյանը, արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանը և ամբիոնի վարիչ Լիաննա Գևորգյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման ու ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը և Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը ներկայացրեց կրթօջախի գրեթե մեկդարյա անցած ուղին և ներկա արգասաբեր ընթացքը: Մատնանշվեցին առկա խնդիրները, որոնց թվում տնօրենը հատկապես կարևորեց քոլեջի շենքային պայմանների բարելավումը, ջեռուցման խնդրի լուծումը:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմենուհի Պողոսյանը նշեց, որ Եվրոպական բանկի համագործակցության շրջանակում նախատեսվում է Գորիսի պետական քոլեջի շենքի հիմնանորոգում, արդիականացում և վերազինում, իսկ բարձրացված մյուս խնդիրները կուսումնասիրվեն և հնարավորության սահմաններում ընթացք կստանան: