Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի դիմումը կրթօջախի ուսանողներին եւ դասախոսներին
Սիրելի ուսանողներ
Հարգելի դասախոսներ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ առաջիկա ուրբաթ՝ մայիսի 16-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի կունենա Գորիսի պետական քոլեջի ուսանողների եւ դասախոսների բարձրացրած հարցերի եւ բոլորիս մտահոգող խնդիրների համակողմանի քննարկում:
Քննարկումը տեղի կունենա իմ մասնակցությամբ, եւ ես հնարավորություն կունենամ ներկայացնելու բոլորիդ մտահոգող հարցերը, որոնք պատճառ էին դարձել մայիսի 12-ից մեկնարկած դասադուլի, ապա եւ դասախոսների ու օժանդակ աշխատողների գործադուլի:
Եվ որպեսզի նախատեսված քննարկումը տեղի ունենա փոխադարձ վստահության ու փոխըմբռնման մթնոլորտում, ձեզ եմ ներկայացնում խնդրանքս ու հորդորս. վաղվանից՝ մայիսի 15-ից, դադարեցնել դասադուլն ու գործադուլը, վերականգնել կանոնավոր դասապրոցեսը:
Այս օրերին վերստին ականատես եղա անձիս հանդեպ ձեր բացառիկ հարգալից վերաբերմունքին, մեր կրթօջախի արժանապատվության համար ձեր անկեղծ ու սրտաբուխ պայքարին, ինչը, անշուշտ, հարգանքի ու գնահատանքի է արժանի:
Հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը, վստահ եմ ու համոզված, որ յուրաքանչյուրդ եւ բոլորդ դրականորեն կարձագանքեք իմ խնդրանքին ու հորդորին եւ վաղն ամբողջապես կվերականգնեք քոլեջի դասապրոցեսը:
Ինչ վերաբերում է մայիսի 12-ից հետո բաց թողնված դասաժամերին, ապա հավատացնում եմ՝ բաց թողնվածն անպայման լրացնելու ենք, ինչի մասին ձեզ տեղյակ կպահեմ առաջիկայում:
Նախապես շնորհակալություն՝ հորդորս լսելու եւ խնդրանքիս ընդառաջելու համար:
Իսկ նախատեսված քննարկումների արդյունքների մասին դուք կտեղեկացվեք:
Հարգանքով՝
Կարեն Լազարյան