Գորիսի պետական քոլեջում մեկնարկեց 2022-2023 ուսումնական տարին

Գորիսի պետական քոլեջում մեկնարկեց 2022-2023 ուսումնական տարին

  • 01/09/2022
  • 66

Սեպտեմբերի 1-ին կրթօջախը գրկաբաց ընդունեց ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսերի ուսանողներին:
Գիտելիքի եւ դպրության օրը քոլեջում նշվեց մեծ հանդիսավորությամբ. միջոցառումը ողողված էր երգ ու պարով, բարեմաղթանքներով ու ողջերթի խոսքերով...
Օրվա կապակցությամբ ուսանողներին, դասախոսներին ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ով առանձնակի ջերմությամբ շնորհավորեց առաջին կուրսեցիներին՝ մաղթելով նրանց հետեւողականություն ուսումնառության մեջ, հաջողություններ՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհում: 
Այնուհետեւ տնօրենը հավելեց. «Սիրելի՛ ուսանողներ, Գորիսի 94-ամյա պետական քոլեջը եղել եւ մնում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ կրթվել ու դեռ կրթվելու են են բազում սերունդներ: Վերստին ուզում եմ ընդգծել՝ Գորիսի պետական քոլեջում սովորելը պատիվ է յուրաքանչյուր պատանու եւ աղջկա համար: Լիահույս եմ՝ այստեղ ստացած գիտելիքների ու ձեռք բերած հմտությունների շնորհիվ, ի դեմս ձեզ, մեր հասարակությունը կունենա կրթված ու պատասխանատու քաղաքացիներ»:
Տոնական օրը քոլեջում նշանավորվեց մեկ այլ առիթով եւս՝ տեղի ունեցավ Գորիսի պետական քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն:
2021-22 ուսումնական տարվա շրջանավարտներին՝ միջին մասնագիտական մասնագիտությունների մասով, ավարտական փաստաթղթեր հանձնեց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը: Իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների մասով՝ քոլեջի վաստակաբեռ դասախոս Ալվարդ Ավետիսյանը:
Շրջանավարտներն իրենց հերթին խոստացան ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքի բարօրությանն ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: