Գորիսի պետական քոլեջում մեկնարկեց 2023-2024 ուսումնական տարին
Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ «Գիտելիքը ազգային արժեք է» խորագրով: Հանդիսավոր ցերեկույթին ներկա էին Հատուկ բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Զոհրապ Մկրտչյանը եւ ծառայության սպա Արման Բաբաջանյանը:
Գորիսի պետական քոլեջը գրկաբաց ընդունեց ինչպես առաջին, այնպես էլ բարձր կուրսերի ուսանողներին:
Միջոցառման մեկնարկը տրվեց ՀՀ պետական հիմնով, այնուհետու հնչեց քոլեջի հիմնը (խոսքերի հեղինակ Տիգրան Գրիգորյան, նախաձեռնությունը՝ Կարեն Լազարյանի): Միջոցառման ժամանակ հնչեցին բարեմաղթանքներ եւ ողջերթի խոսքեր:
Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ ուսանողներին եւ դասախոսներին ջերմ բարեմաղթանքներ եւ շնորհավորանքներ հղեց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր Արցախ աշխարհը եւ հայոց պետականությունը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ եւ այդ ամենին դիմագրավելու համար հայ ժողովրդին նախեւառաջ անհրաժեշտ են հայրենասեր եւ բանիմաց սերունդներ: Մեր կրթօջախը մոտ մեկդարյա պատմության ընթացում շարունակել եւ շարունակում է իր ընթացքն այնպես, որ կրթի ու դաստիարակի մեր ժամանակներին համահունչ գիտելիքներով օժտված հերթափոխ: Թող նոր ուսումնական տարին ընթանա արժանապատիվ խաղաղության եւ հայոց սահմանների անվտանգության պայամններում: Ձեզ՝ հաջողություններ»:
Շնորհավորական խոսք հղեց նաեւ Հատուկ բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Զոհրապ Մկրտչյանը:
Օրը նշանավորվեց մեկ իրադարձությամբ եւս. տեղի ունեցավ կրթօջախի շրջանավարտների դիպլոմների հանձնման ավանդական արարողությունը: