Գորիսի պետական քոլեջում նոր բովանդակություն է ստանում հայրենագիտական դաստիարակությունը

Գորիսի պետական քոլեջում նոր բովանդակություն է ստանում հայրենագիտական դաստիարակությունը

  • 25/11/2023
  • 269

Հայոց ազգային ու պետական ընթացքի ներկա փուլում առավել հրատապ է դարձել աճող սերնդի հայրենագիտական, ֆիզիկական եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Այդ ուղղությամբ Գորիսի պետական քոլեջում իրականացվող աշխատանքները ժամանակ առ ժամանակ նոր դրսեւորումներ են ունենում:

Նոյեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի նախաձեռնությամբ, կրթօջախի մի խումբ բարձր կուրսեցիներ մեկօրյա արշավ են կազմակերպել դեպի Որոտանի կիրճ:

Արշավախումբը գիշերել է կիրճում՝ Որոտան գետի ափին: Ուսանողները գիշերել են վրաններում, քննապարկերում, իսկ մինչ այդ՝ խարույկի շուրջ, զրույցներ են ունեցել հայրենագիտական թեմաներով:

Արշավի ընթացքում ուսանողների համար անց են կացվել օդամղիչ հրացանով կրակելու, անօդաչու թռչող սարքը գործածելու, գետանցումը ճիշտ կազմակերպելու, քննապարկից օգտվելու, վրանները տեղադրելու, լեռնային կածաններով անվտանգ երթեւեկելու, ձիավարման  եւ այլ հարցերով վարժանքներ:

Պարապմունքները վարում էր քոլեջի ֆիզկուլտուրա առարկայի դասախոս Հարութ Օհանյանը:

Ըստ Կարեն Լազարյանի՝ արշավը, այդ ամենի հետ մեկտեղ, նպաստել է ուսանողների՝ կոլեկտիվում միջանձնային հարաբերությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում եւ լեռնային պայմաններում խելամիտ վարք դրսեւորելուն, երեխաների ֆիզիկական կարողությունների հետագա ձեւավորմանը:

Տնօրենը վստահեցնում է, որ խիստ օգտակար այդ աշխատաձեւը ավանդույթ կդառնա ուսանողների հայրենագիտական դաստիարակության գործում: