Գորիսի պետական քոլեջում ուսանողների հետ հանդիպման էին եկել իրավապահները
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ օպեր լիազոր, մայոր Գարիկ Գեւորգյանը, խմբի տեսուչ Ալյոշա Մայիլյանը եւ պարեկային ծառայողներ՝ լեյտենանտ Արմեն Սաղոյանն ու լեյտենանտ Միշա Կարապետյանը հանդիպում ունեցան Գորիսի պետական քոլեջի ուսանողների հետ:
Այցելությունը դաստիարակչական նպատակ ուներ՝ անչափահասներին զերծ պահել հանրորեն վտանգավոր արարքներից՝ տարբեր իրավիճակներում ցուցաբերելով զսպվածության եւ պատասխանատվության բարձր զգացում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դարի գլոբալ խնդիրներից մեկին՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի վտանգավոր ազդեցությանն ու շրջանառությանը, ինչպես և դրանից բխող քրեական պատասխանատվությանը:
Ուսանողները ծանոթացան վերջերս ձեւավորված պարեկային ծառայողների գործունեությանը, որը միտված է հասարակական կարգի, ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելուն, հանցագործություններն ու իրավախախտումները հայտնաբերելուն և կանխելուն, ինչում շատ կարեւոր է քաղաքացիների աջակցությունը:
Անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանն ուսանողները բարձրացրին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր եւ ստացան սպառիչ պատասխաններ:
Հանդիպումը, կարելի է ասել, օգտակար քայլ էր ուսանողների իրավագիտակցության ձևավորման գործում: Օգտակար էր նաեւ ոստիկանության ու պարեկային ծառայողների հանդեպ վստահությունը բարձրացնելու առումով, ասել է թե՝ նման հանդիպումները և զրույցները շարունակական լինելու կարիք ունեն:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը: