Գորիսի պետական քոլեջը 100 տարեկան է
Սիրելի հայրենակիցներ
Ուրախությամբ և հպարտությամբ եմ տեղեկացնում, որ այս տարի լրանում է Գորիսի պետական քոլեջի հարյուր ամյակը։
Կրթօջախը հիմնադրվել է 1924-25 ուսումնական տարում՝ ՀՍՍՌ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի կողմից։
Կրթօջախը, առանց չափազանցության, Սյունիքի մարզի պատմության նոր և նորագույն շրջանի առաջին մասնագիտական ուսումնական հաստատությունն է, որը տասնամյակների ընթացքում մեծագույն պատասխանատվությամբ ու արժանապատվորեն է կատարել Սյունիքի և Վայոց ձորի շրջանների, ինչպես և Արցախի կրթության ու տնտեսության բնագավառների կադրերի պատրաստման իր առաքելությունը։
Կրթության վաստակաբեռ այս դարբնոցը տվել է նաեւ հրաշալի ու անվանի հեղինակություններ հանրապետության մասշտաբով, ովքեր ծանրակշիռ նպաստ են բերել գրականության, բժշկության, լեզվաբանության, պատմագիտության եւ գիտության այլ ոլորտների զարգացմանը։
Հայրենակիցներ
Պատրաստվում ենք ըստ արժանավույն նշելու կրթօջախի հոբելյանը։ Այդ նպատակով հանդես ենք եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք իրականացման ընթացքի մեջ են։
Նախաձեռնություններից մեկը կրթօջախի փառապանծ տարեգրությունը հնարավորինս հանրայնացնելն է, ինչպես և այդ տարեգրությունը նոր նյութերով հարստացնելը։ Չենք մոռանում, որ մեր երկրամասին առնչվող այդ նյութերի հավաքումն ու ամբողջացումը կարևոր հանգամանք են, քանզի հնարավոր չէ լիարժեք պատկերացում կազմել տարածաշրջանի ու մասնավորապես Գորիսի կրթական գործի դարավոր ճանապարհի մասին՝ առանց մեր կրթօջախի ամբողջական ու հավաստի տարեգրության։
Թեմայի վերաբերյալ քոլեջի gorispetcollege.am կայքում պարբերաբար հրապարակվող նյութերից կիմանաք այդ մասին։
Միևնույն ժամանակ առաջարկ-խնդրանքով դիմում ենք այն մարդկանց, ում հարազատները կամ ովքեր ժամանակին ուսանել են Գորիսի պետական քոլեջում (նախկինում Գորիսի մանկավարժական տեխնիկում, Գորիսի մանկավարժական ուսումնարան, ապա Գորիսի պետական մանկավարժական քոլեջ)՝ կրթօջախին տրամադրելու հետաքրքիր հուշեր, լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք կարող եք ուղարկել [email protected] հասցեին, իսկ հարցեր առաջանալու դեպքում զանգահարել 098 10 10 96 հեռախոսահամարին։
Նախապես շնորհակալություն՝ աջակցության և համագործակցության համար։
Կարեն Լազարյան
Գորիսի պետական քոլեջի տնօրեն