ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի շնորհավորանքը Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի առթիվ

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի շնորհավորանքը Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի առթիվ

  • 14/10/2024
  • 43

 

Հարգարժա՛ն պարոն Լազարյան,

Գորիսի պետական քոլեջի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, շրջանավարտներ,

Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ փառապանծ իրադարձության՝ Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ:

1924 թվականին Սյունյաց աշխարհում ծնունդ առած, վերելքներով ու մարտահրավերներով լի պատկառելի պատմություն ու ավանդական ամուր հիմքեր ունեցող լավագույն կրթօջախներից մեկը՝ Գորիսի պետական քոլեջը, իր մեկդարյա գոյությամբ ու գործունեությամբ, տարածաշրջանում ունեցած դերով վկայում է անանց ու անուրանալի արժեքների մասին, որոնք սիրով ու անշեղորեն փոխանցել և փոխանցում է սերնդեսերունդ։ Հիմնարկեքի հարյուր տարվա վաղեմություն ունեցող կրթօջախը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր իրենց արդյունաշատ գործունեությամբ մեծապես նպաստել են մեր հայրենիքի շենացմանը: Անվանի շրջանավարտներից շատերը եղել եւ մնում են կրթօջախի փառքը: Նորից հիշենք մեծանուն արձակագիր Սերո Խանզադյանին, հիշենք երևելի գրականագետ Նինա Հովսեփյանին, մեծահամբավ լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանին, ովքեր, սնվելով հայրենի ակունքներից, կրկին վերադարձան դրանց՝ որպես Գորիսի պետական համալսարանի դասախոսներ… Չմոռանանք նաև, որ մարզի դպրոցների ուսուցիչների, դասվարների մեծ մասը այս ուսումնական հաստատության դարբնոցում է թրծվել, և այժմ էլ նոր սերնդի ուղենիշն է դեպի հասարակական գործունեություն, մասնագիտական ձեռքբերումներ, դեպի կրթության և գիտության բարձունքներ։

Գորիսի պետական համալսարանը Գորիսի պետական քոլեջի հետ համագործակցության երկար տարիների պատմություն ունի: Քոլեջն այսօր նաև համալսարանի սնուցիչ ու կենարար աղբյուրներից մեկն է, քանի որ գիտելիքների հիմնավոր պաշարով զինված նրա շրջանավարտները բախում են համալսարանի դռները։ Գիտակրթական արդի զարգացումների ու նորանոր մարտահրավերների իրողություններում Գորիսի պետական երկու կրթօջախների արդյունավետ համագործակցությունն այժմ էլ կարևոր նշանակություն ունի:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գեղեցիկ ու նշանակալի հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք, կորով ու եռանդ՝ շարունակելու ձեր հայրենանվեր գործունեությունը՝ ի սպաս և ի բարօրություն գիտակրթական գործի և հայրենաշինության։