ԳՊՔ-ն մասնակցեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը

ԳՊՔ-ն մասնակցեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը

  • 15/12/2023
  • 367

Դեկտեմբերի 13-ին  «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023»-ի շրջանակներում կայացավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին մի շարք ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ բուհերից, հասարակական և այլ կազմակերպություններից։  

Հանդիպումը մեկնարկեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի՝ «Միջազգայնացման դերը ՄԿՈւ հաստատությունների զարգացման գործում» խորագրով ներկայացմամբ։ Նա մասնակիցներին ներկայացրեց, թե ինչու է կարևոր ՄԿՈւ-ների ներգրավումը Էրազմուս+ նախագծերում, ինչ դեր և ազդեցություն կարող է ունենալ ծրագիրը նրանց միջազգայնացման և զարգացման գործում, ինչ մարտահրավերներ կարելի է հաղթահարել Էրազմուս+-ի հետ միասին։

Այնուհետև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Գարեգին Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց սեփական փորձը՝ միջազգային գործընկերների հետ կապեր հաստատելու և դրանք պահպանելու ուղղությամբ, մանրամասն ներկայացրեց, թե որոնք են գործընկերներ գտնելու եղանակները, ինչին ուշադրություն դարձնել նրանց հետ կապ հաստատելիս, և ինչ նախապայմաններ են առկա այդ գործընթացում։

Միջոցառման հաջորդ խոսնակը Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան էր, ով ներկայացրեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) գործողության մանրամասները, ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներին և այլ կազմակերպություններին ծրագրի կողմից առաջարկվող ֆինանսավորման հնարավորությունները, դիմելու հիմնական պայմանները։ Քննարկվեց նաև թե ինչպիսի նախագծային գաղափարներ կարելի է կազմել և դիմել ֆինանսավորման, որտեղից սկսել և ինչ քայլերով առաջ շարժվել։

Ելույթները եզրափակեց Հայ-ֆրանսիական քոլեջի տնօրեն Գոհար Գրիգորյանը, ով կիսվեց իրենց քոլեջի՝ էրազմուս+ ֆինանսավորում ստանալու հաջողակ փորձով, ներկայացրեց այս տարի ֆինանսավորված «Բարելավել և առաջխաղացնել Հայաստանում ՄԿՈւ ոլորտը» (IMPROVET-AM) CBVET նախագծի մանրամասները և հորդորեց մասնակիցներին դիմել ծրագրին և բարելավել իրենց ՄԿՈւ հաստատության գործունեությունն ու որակը։

Միջոցառման ավարտին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները մասնակից ՄԿՈւ ներկայացուցիչներին տեղեկացրին դեկտեմբերի 20-ին կայանալիք «Նեթվորքինգային հանդիպում Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև» օնլայն հանդիպման մասին,  որի շրջանակներում նրանք կունենան բացառիկ հնարավորություն սերբ գործընկերների հետ հանդիպելու, իրենց հաստատությունները ներկայացնելու և նախագծի գաղափարներ/առաջարկներ քննարկելու։ Հանդիպման օրակարգը, այլ մանրամասներ և գրանցման հղումը կարող եք գտնել այս հրապարակման մեջ։

Աղբյուրը՝  National Erasmus+ Office in Armenia