Համագործակցության մեկնարկ Գորիսի պետական քոլեջի եւ ԳՏՄԱԿ-ի միջեւ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Գորիսի պետական քոլեջ էին այցելել Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցը եւ նույն կենտրոնի փոխտնօրեն Վարդիթեր Գրիգորյանը: Այցը իրազեկիչ բնույթ էր կրում եւ նպատակ ուներ քոլեջի դասախոսներին եւ վարպետներին ներկայացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպող մի շարք գործընթացներ: Մասնավորապես խոսվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, ինչպես եւ անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) մասին:
Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ, վերհանվեցին որոշակի խնդիրներ, որոնք էլ ստացան համապարփակ պատասխաններ:
Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում կենտրոնի տնօրեն Հերմին Շալունցին՝ աջակցության համար:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի փոփոխություն, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով նաեւ ներառականության համար: