ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակը

  • 21/05/2025
  • 8

 

Մայիսի 12-ից Գորիսի պետական քոլեջում մեկնարկած և երեք օր տևած դասադուլը, ինչպես և քոլեջի աշխատակիցների մայիսի 13-ին սկսած ու երկու օր տևած գործադուլը մայիսի 16-ին քննարկման առարկա էին դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։

Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին է ներկայացրել դասադուլի և գործադուլի պատճառները, նաև առաջարկություններ արել ստեղծված ճգնաժամային վիճակը հաղթահարելու և 200-ից ավելի ուսանողի կրթական կանոնավոր գործընթացը վերականգնելու ուղղությամբ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնավորապես նշել է, որ Գորիսի պետական քոլեջի և Գորիսի գյուղատնտեսական քոլեջի միաձուլման գործընթացը կիրականացվի ՀՀ կառավարության որոշման համաձայն, իսկ ստեղծվող բազմագործառութային քոլեջը ժամանակավորապես կգլխավորի տնօրենի պաշտոնակատարը, ինչից հետո էլ, սահմանված կարգով, կանցկացվի մրցույթ նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր տեղի համար։

Բացառվել է որևէ կողմնակի մարմնի կամ պաշտոնյայի միջամտությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և տնօրենի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթին։

Մինչ այդ՝ մայիսի 16-ի առավոտվանից, Գորիսի պետական քոլեջում, ընդառաջ գնալով Կարեն Լազարյանի նախօրեին հրապարակած հորդորին, վերսկսվել էր կանոնավոր դասապրոցեսը։

Միևնույն ժամանակ՝ տնօրենի առաջարկությամբ և կառավարման խորհրդի որոշմամբ, մայիսի 17-ի, մայիսի 24-ի և մայիսի 31-ի շաբաթ օրերը կօգտագործվեն դասադուլի ու գործադուլի ընթացքում բաց թողնվածը լրացնելու համար։

Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները հույս են հայտնում, որ երկու քոլեջի միաձուլման ընթացքում թույլ չեն տրվի գործողություններ, որոնք նոր դասադուլի և գործադուլի պատճառ կամ առիթ կհանդիսանան։

Գորիսի պետական քոլեջում նաև բարձր են գնահատում ԱԺ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի ջանքերը՝ քոլեջում դադարեցված դասընթացը վերականգնելու և ուսանողների ու դասախոսների ասելիքը պատկան մարմիններին լսելի դարձնելի գործում։