Ինչպե՞ս կարող է կարողունակ շրջանավարտը նպաստել ՀՆԱ աճին. ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի առթիվ տեղի ունեցավ քոլեջների համաժողով

Ինչպե՞ս կարող է կարողունակ շրջանավարտը նպաստել ՀՆԱ աճին. ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի առթիվ տեղի ունեցավ քոլեջների համաժողով

  • 07/12/2023
  • 278

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ընթացավ «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով քոլեջների համաժողովը:

Համաժողովին մասնակցեցին նաեւ քոլեջի ուսումնական մասի փոխտնօրեն Դավիթ Ջուլհակյանը, որակի ապահովման պատասխանատու Աննա Ալեքսանյանը, ամբիոնի վարիչ Օլյա Ղուլյանը, դասախոս Սերգեյ Ավանեսյանը եւ Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Ժասմեն Խաչատրյանը:

***

Քոլեջների շրջանավարտների միայն 37 տոկոսն է ավարտելուց հետո պատրաստ միանգամից աշխատանքի անցնելուն: Մինչդեռ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրով նպատակ է սահմանված հասնել 90 տոկոս ցուցանիշին: 
Ինչպե՞ս կարող է կրթական համակարգը նպաստել ՀՀ տնտեսական աճին և ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի քոլեջների շրջանավարտներն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցնեն և իրենց կարողություններն ու հմտությունները ծառայեցնեն մեր երկրի ՀՆԱ աճին: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հիմնադրման 15-ամյակի առթիվ այս հարցերն այսօր քննարկվեցին «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով քոլեջների համաժողովում:
«Կարևոր է ոչ միայն կրթելը, այլ նաև այն, թե ինչ կարողություններ ենք տալիս երկրին...Մենք պետք է ստեղծենք մասնագիտական կարողություններ, որոնք անմիջապես կիրառվում են գործատուի դաշտում: Քոլեջում տրվող հանձնարարությունների  չափանիշները պետք է համապատասխանեն գործատուի միջավայրին և պահանջներին»,- ասաց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ողջույնի խոսք հղելով համաժողովի մասնակիցներին: 
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը ողջույնի խոսքում նշեց, որ  համաժողովը ևս մի կարևոր գործոն է, որով մասնագիտական կրթության ոլորտում փոփոխություններն էլ ավելի ուղղորդված կլինեն: Տիկին Սվաջյանը շեշտադրեց քոլեջների հավատարմագրման դերը  կրթական գործընթացների շարունակական բարելավման և կարողունակ աշխատուժի ձևավորման տեսանկյունից. «Հավատարմագրումը հնարավորություն է տալիս  պետությանը, դիմորդներին, միջազգային շահակիցներին ցույց տալ, թե ինչ որակի կրթություն է իրականացվում տվյալ ուսումնական հաստատությունում: Մյուս կողմից այն նաև  ինքնավերլուծության, խնդիրների արձանագրման մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությանն  արձանագրել, թե ինչն է իր մոտ լավ ստացվում այդ պահին, ինչ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ քայլեր պետք է արվեն»:  Փոխնախարարը խրախուսեց նաև քոլեջների և գործատուների համագործակցությունը՝ նշելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումից հետո  առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն համագործակցության համար:  
Մանրամասները՝ ՈԱԱԿ-ի կայքում  https://bit.ly/46JpM0Y: