Կարեն Լազարյանի ելույթը 2024-25 ուստարվա վերջին զանգին նվիրված հանդիսությունում
Սիրելի շրջանավարտներ
Սիրելի ուսանողներ
Մեծարգո գործընկերներ
Հանդիսությունը, որին մասնակցում ենք, 2024-25 ուսումնական տարվա վերջին արարը չէ սոսկ։
Այսօր կյանքի ուղեգիր ենք շնորհում Գորիսի պետական քոլեջի շրջանավարտների հերթական, բայց և հարյուրերորդ՝ հոբելյանական խմբին, որը գնահատում եմ իբրև հիշարժան ու նշանավոր իրադարձություն ոչ միայն շրջանավարտների կյանքում, ոչ միայն մեր կրթօջախի տարեգրության մեջ, այլև ամբողջ տարածաշրջանում ու հատկապես Գորիս համայնքում։
Ամիսներ առաջ մենք ամենայն պատշաճությամբ նշեցինք Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակը։
Տոնակատարությունն առիթ էր ևս մեկ անգամ հայացք ձգելու կրթօջախի անցած ճանապարհին, առիթ էր նորովի առերեսվելու իրողություններին, խնդիրներին, առիթ էր՝ հստակեցնելու անցնելիք ճանապարհը։
Ու վերստին համոզվեցինք, որ Գորիսի պետական քոլեջը, առանց չափազանցության, փառապանծ ուղի է անցել՝ տասնամյակներ շարունակ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող շրջանները, հայոց Արցախն ապահովելով կարող կադրերով, հայրենական մեր գիտությանն ու հոգևոր–մշակութային ոլորտին պարգևելով մեծահամբավ գործիչներ։
Իսկ վերջին մեկուկես տասնամյակում քոլեջը կարողացավ արժանապատվորեն շարունակել նախորդ սերնդի ստեղծած–կերտած լավագույն ավանդույթները, կարողացավ լինել պահանջված ու մրցունակ հանրապետության կրթական համակարգում։
Մենք շատ ենք կաևորել ու կարևորում Սյունիքի մարզի և հատկապես Գորիսի տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջները՝ տնտեսական ու սոցիալական ոլորտի զարգացումներին ժամանակին համահունչ արձագանքելով և քայլերով։
Գլխավոր սկզբունք ենք ունեցել կրթօջախը քաղաքական–կուսակցական–խմբային խաղերից զերծ պահելը, քոլեջը բացառապես իր առաքելության տիրույթում պահելը, որը դրական մեծ անդրադարձ է ունեցել ուսանողների կրթության և դաստիարակության որակի վրա։
Ու մեծագույն ուրախություն և հպարտություն ենք ապրում, երբ մեր շրջանավարտներին տեսնում ենք կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ իրենց բանիմացությամբ, արհեստավարժությամբ, պատասխանատվության բարձր զգացումով աչքի ընկած։
Հավատում եմ, որ ձեզ նույնպես, սիրելի շրջանավարտներ, տեսնելու ենք նման կարգավիճակում։
Հավատում եմ, որ լինելու եք մեր հայրենիքի այսօրվա ու վաղվա տերերի առաջապահ շարքում, որ հայրենատեր եք լինելու երկրի, Սյունյաց աշխարհի, Գորիսի, հայոց Արցախի վաղվա ընթացքին։
Հավատում եմ, որ ձեր մաքուր և անարատ ձեռքերում է նաև գտնվելու ազգային ու քրիստոնեական մեր արժեքները պաշտպանելու, հայոց անկախ պետությունը պահպանելու և զորացնելու նվիրական դրոշը։
Դուք տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը կրթության համակարգում օպտիմալացման քաղաքականություն է որդեգրել։
Դա, բնականաբար, չէր կարող շրջանցել Գորիսի տարածաշրջանում գործող երկու քոլեջը։
Մենք ի սկզբանե ըմբռնումով ենք մոտեցել այդ վերափոխումի գաղափարին, սակայն համաձայն չենք եղել ու համաձայն չենք օպտիմալացման նախընտրած ձևին, ու մեր տեսակետը, կոլեկտիվի տեսակետն ամենատարբեր միջոցներով հասցրել ենք պատկան մարմիններին։
Թե գործընթացն ինչ հունով կընթանա՝ ժամանակը ցույց կտա։ Մի հանգամանք, սակայն, չպետք է այլընտրանք ունենա. տեղի ունեցող օպտիմալացումը բացառապես պետք է ուղղված լինի և ծառայի տարածաշրջանում միջին մասնագիտական կրթության զարգացմանը։
Իսկ մենք... Մենք պարտավոր ենք և պետք է մինչև վերջին օրը նույն պատասխանատվությամբ կատարել մեր պարտականություններն ու գործառույթները։
Առջևում 2025-26 ուսումնական տարին է։ Եվ պետք է ամենաբարձր մակարդակով, ինչպես նախորդ տարիներին, կազմակերպենք առաջիկա ընդունելությունը։
Կյանքը ցույց տվեց, որ տարածաշրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների մեծագույն մասը գերադասում է սովորել հենց Գորիսի պետական քոլեջում և ոչ այլ բուհում կամ մասնագիտական հաստատությունում։
Անշուշտ, այդ հանգամանքը մեզ ուրախացնում է, բայց ավելի շատ ու նախևառաջ՝ պարտավորեցնում։
Չեմ կարող թաքցնել՝ պահն ինձ համար, գործընկերներիս համար շաղախված է խիստ անձնական հույզերով։
Ընդամենն օրեր առաջ՝ ազնիվ մղումով ձեր իսկ նախաձեռնած դասադուլն ու գործադուլը, քոլեջի ղեկավարությանն ու դասախոսական անձնակազմին տված բարձր գնահատականը, դարձավ ուշարժան իրադարձություն Գորիսի նորագույն շրջանի պատմության մեջ։
Դա սկզբունքայնության, կյանքի մարտահրավերների հանդեպ սեփական դիրքորոշում ունենալու, համերաշխ ու համախումբ լինելու, Գորիսի մայր կրթօջախի պատմությանն ու արժանապավությանը տեր կանգնելու, Գորիսի պետական քոլեջի գործունեությունը բացառապես կրթական շրջանակում պահելու ազնիվ հրավառություն էր։
Իմ և գործընկերներիս սրտաբուխ երախտագիտությունը բոլորիդ և յուրաքանչյուրիդ։
Վստահ եմ՝ նման սկզբունքայնությամբ ու ազնվությամբ, արժանապատվության նման զգացումով էլ ապրելու և գործելու եք կյանքի հետագա ամբողջ ընթացքում, ինչը տարիների մեր համատեղ աշխատանքի մեծագույն արդյունքն եմ համարում։
Սիրելի՛ շրջանավարտներ
Ճակատագիրն այնպիսի ընթացք ու դրսևորումներ ունեցավ, որ մենք (կարելի է ասել) դարձանք յուրօրինակ արյունակիցներ հավատամքի տիրույթում, ոչ սովորական և ճակատագրական մեր ժամանակներում երկրի, հայոց պետականության հանդեպ ունեցած նվիրական վերաբերմունքով ու պատկերացումներով։
Ու պիտի խոստովանեմ՝ յուրաքանչյուրդ թանկ եք ինձ համար, յուրաքանչյուրդ հարազատ ու մերձավոր եք ինձ համար։
Եվ շատ եմ փափագում, որ յուրաքանչյուրդ ձեր արժանավոր տեղը գտնեք կյանքում։
Փափագում եմ, որ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերն ու երազանքները, ծրագրերն ու մտահաղացումները։
Փափագում եմ, որ անձնական ու ընտանեկան երջանկություն ունենաք։
Եվ, իհարկե, խնդրանքս եմ վերընծայում ամենայնի տեր ու բոլորիս հույս Երկնավոր արքային, որ իր անհասանելի բարձունքներից զվարթ քաղցրությամբ նայի յուրաքանչյուրիդ՝ ամբողջ կյանքի ընթացքում։
Ձեզ և մեզ՝ բարի ճանապարհ։
Հարգանքով՝
Գորիսի պետական քոլեջի տնօրեն
Կարեն Լազարյան