Շնորհավորանքներ Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի առթիվ
Արարատ Լալաբեկյան, Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ
Տասը եւ ավելի տարիներ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահն եմ:
Ու, դրանով պայմանավորված, եղել եմ ու կամ քոլեջի վերջին տարիների ընթացքի ե՛ւ ականտեսը, ե՛ւ մասնակիցը, ե՛ւ (ինչ-որ առումով) պատասխանատուներից մեկը:
Նախ՝ միշտ զգացել եմ պատմական այն առաքելությունը, որ ունի քոլեջը: Իսկ այդ առաքելությունը սկիզբ է առնում նախորդ դարի 20-30-ական թվականներից ու շարունակվում մինչեւ հիմա:
Տեւական ժամանակ այս հաստատությունը կադրերի պատրաստման դարբնոց էր ոչ միայն Սյունիքի, այլեւ Վայոց ձորի ու Արցախի համար: Ուսումնարանի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր շրջանավարտներ ընդգրկվում էին այդ տարածաշրջանների կրթական, տնտեսական գործի կազմակերպման մեջ, կառավարման համակարգում:
Այնուհետեւ, բազմաթիվ շրջանավարտներ՝ այստեղ ստացած գիտելիքներով, շարունակել են իրենց կրթությունը հանրապետության տարբեր բուհերում եւ հետագայում դարձել ճանչված դեմքեր ազգի մասշտաբով՝ հայ արձակի մեծ վարպետ Սերո Խանզադյանից մինչեւ գիտությունների ակադեմիայի բազմաթիվ անդամներ, որոնց անունը, գիտական ժառանգությունն այսօր էլ հպարտություն են բերում հայ ժողովրդին:
Իսկ վերջին տասը տարում... Ես տեսել եմ, թե ինչ ջանքեր են գործադրում քոլեջի տնօրենությունը, դասախոսական անձնակազմը՝ տասնամյակներով կերտած այդ փառավոր ժառանգության արժանավոր շարունակողը լինելու համար:
Եվ դա հաջողվել ու հաջողվում է:
Ես տեսել եւ տեսնում եմ, որ քոլեջը շարունակում է պահանջված կրթօջախ մնալ մեր տարածաշրջանի հանրակրթական դպրոցների հարյուրավոր շրջանավարտների համար:
Ես տեսնում եմ, թե տարածաշրջանի աշխատաշուկայում որքան պահանջված են Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները:
Ի սրտե շնորհավորում եմ Գորիսի պետական քոլեջի դասախոսական եւ ուսանողական անձնակազմին՝ կրթօջախի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ այսուհետ նույնպես կրթօջախն ունենա իր դեմքն ու դիմագիծը ոչ միայն Սյունիքի, այլեւ ամբողջ հանրապետության կրթական համակարգում: