Տագնապ-վարժանք Գորիսի պետական քոլեջում
Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները որոշակի վարքագիծ են պարտադրում նաեւ կրթական հաստատություններին: Դա՝ հատկապես քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերում:
Գորիսի պետական քոլեջում առկա է այդ խնդիրների պատշաճ գիտակցումը, որի հերթական վկայությունն է այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կրթօջխում անցկացված տագնապ-պարապմունքը:
Ուսումնական հաստատության քաղպաշտպանության աշխատանքները համակարգող հանձնաժողովը, որի նախագահն է քոլեջի զինղեկ Կամո Բեգլարյանը, խնդիր էր դրել ստուգել ուսանողների, ինչպես եւ դասախոսների զգոնությունը, նման իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը:
Տագնապի ազդանշանի ազդարարումից հետո ուսանողները, դասախոսները եւ մյուս աշխատակիցները, սահմանված կարգով եւ ժամկետում, կարողացան տեղափոխվել ապաստարան: Ի դեպ, քոլեջի յուրաքանչյուր հարկաբաժնում, ի ցույց ամենքի, փակցված են տարհանման սխեմաները, որոնց, ինչպես ցույց տվեց պարապմունքը, քաջածանոթ են գրեթե բոլոր ուսանողները:
Տագնապ-վարժանքից առաջ ուսանողների եւ մանկավարժների համար կազմակերպվել էին զրույցներ ու պարզաբանումներ՝ տարհանման թեմայի եւ դրան առնչվող հարցերի շուրջ:
Տագնապ-վարժանքի արդյունքներն ամփոփվեցին քննարկումներով: Կրթօջախի տնօրեն Կարեն Լազարյանը մասնավորապես նշեց, որ նման պարապմունքները շարունակական են լինելու, ընդ որում՝ կկազմակերպվեն նաև երկրաշարժի, հրդեհի ու այլ վտանգավոր իրավիճակների հետ կապված վարժանքներ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուրին՝ հարկ եղած դեպքում ճշգրիտ որոշելու իր քայլերի հաջորդականությունը: