Ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ահռելի ոճիրից անցել է 108 տարի: Սակայն, ինչպես նշում է անվանի պատմաբան, բյուզանդագետ, բանասեր Նիկողայոս Ադոնցը՝ «Կան աղետներ, որ չեն մոռացվում եւ որքան հնանում, այնքան դառնանում են: Հրեշավոր ոճիրը, որին ճարակ եղանք ազգովին, անօրինակ է մարդկության տարեգրության մեջ ե՛ւ տեսակով, ե՛ւ ծավալով»:
Այս առիթով քոլեջի կազմակերպիչ Օվսաննա Մաշուրյանը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ, որը մեկնարկեց մոմավառությամբ՝ նվիրված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Քոլեջի ուսանողները հանդես եկան ցեղասպանության մասին տեղեկություններով, ասմունքով. հնչեցին Կոմիտասի երգերը…
Ճշմարիտ է ասում գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ «Եղեռնը միայն ցեղասպանություն չէր, ազգի բնաջնջում չէր… Մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը, ինչն անփոխարինելի կորուստ է»:
Միջոցառումն ավարտվեց այն համոզմունքով, որ ավելի մեծ ջանքերով պետք է պայքարել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, որպեսզի կանխվեն մարդկության դեմ գործող նոր ոճիրները: